ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Բաց նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին...

Բաց նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին...
30.10.2015 | 10:55

Բաց նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի
ԱԽ նախագահին, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրների` ԱՄՆ, ՖՀ, ՄԹ, ՉԺՀ, ՌԴ
ղեկավարներին, ՀՀ, ԻԻՀ, ՎՀ նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին,
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին,
ԵՄ, ԵԽ, ԵՀ ղեկավարներին

Մեծարգո պարոնայք և տիկնայք, Կովկասյան ողջ տարածաշրջանը, հարակից տարածքները հայտնվել են սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետի շեմին, ինչի պատճառը Ադրբեջանի մերձկասպյան և կասպյան տարածքների (այսուհետ` նշված տարածքների) երկրակեղևում ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսներն են, պայմանավորված նավթի ու գազի երկարատև, ինտենսիվ անկառավարելի արդյունահանմամբ:
Հայտնի է, որ նավթի ու գազի հանքավայրերի շահագործման սկզբից միջինը 20-30 տարի անց տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը կտրուկ վատթարանում է նույնիսկ մոլորակի ասեյսմիկ գոտիներում: Նշված տարածքները գտնվում են խիստ ակտիվ սեյսմիկ գոտում, որտեղ նավթի ինտենսիվ, անկառավարելի արդյունահանումն ընթանում է ավելի քան 169, իսկ գազինը` 94 տարի:
2011 թ. փետրվարից սկսած նշված տարածքներում ընթացող վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսները կտրուկ ակտիվացել են.
. առաջացել են երկու նոր ակտիվ անտրոպոգեն մեծ տեկտոնիկ խզվածքներ, որոնցից առաջինի մի ճյուղն ընթացել է Սալյան-Ապշերոն-Բաքու-Կասպից ծով ուղղությամբ: Մյուսն Ադրբեջանի մերձկասպյան տարածքի երկրակեղևը պոկել-տեղաշարժել է դեպի Կասպից ծով, երկրի մակերևույթին առաջացնելով 5-10 սմ բացվածք, 5 մ խորության վրա` 4 մ, ավելի մեծ խորությունների վրա` շատ ավելի մեծ բացվածք: Արդյունքում Ադրբեջանի մերձկասպյան ողջ տարածքի երկրակեղևը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր, խիստ անկայուն վիճակում:
-Երկրորդը սկզբնավորվել է 07.05.12 թ. նշված տարածքներից դուրս, Ադրբեջանի Զաքաթալա քաղաքի մոտակայքում 5,9 և 5,7 մեծ մագնիտուդով, 7 բալ ուժգնությամբ ավերիչ անտրոպոգեն երկրաշարժերի արդյունքում: Այն ընթանում է մի կողմից՝ Զաքաթալա-Շեքի-Բաքու-Կասպից ծով, մյուս կողմից` Զաքաթալա-Վրաստան-Սև ծով և Զաքաթալա-Վրաստան-ՌԴ ուղղություններով:
. Նշված տարածքներում գեներացվում են անոմալ մեծ թվով անտրոպոգեն երկրաշարժեր, մեծածավալ սողանքային, գրունտի փլուզման, նստման և այլ անտրոպոգեն պրոցեսներ:
. Ժայթքում են բազմաթիվ անտրոպոգեն հրե-ցեխային հրաբուխներ, հատկապես Կասպից ծովի ու Բաքվի տարածքում (Դաշգիլ, Այրանթոքեն, Հարամի և այլն)։
. Նավթի ու գազի (հատկապես Կասպից ծովի ադրբեջանական սեկտորի) հանքահորերի հորատանցման-շահագործման ընթացքում գրանցվում են բազմաթիվ անտրոպոգեն մեծ աղետներ (օրինակ`17.08.2013 թ. Բուլլա Դենիզ գազային N 90 հանքավայրում և այլն)։
. Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում առաջանում են մեծ ճնշման և ահռելի ծավալի, գնալով ավելի ու ավելի ուժգնացող բազմաթիվ գազային հզոր շատրվանումներ։
. Ծայրահեղ վտանգված են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, Ապշերոնյան թերակղզին, նավթի-գազի արդյունահանման ու տեղափոխման ողջ համակարգը, արհեստական ջրամբարները, հատկապես մեծ տարողությամբ Մինգեչաուրի ջրամբարը և այլն:
Ժամանակի ընթացքում սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսները նշված տարածքներից միգրացվել ու միգրացվում են հարակից տարածքներ և ներկայումս դիտվում են ոչ միայն Ադրբեջանի ողջ տարածքում, այլև հարևան ՀՀ, ԼՂՀ, ՎՀ արևելյան, ԻԻՀ հյուսիսային, ՌԴ կովկասյան տարածքներում, Կասպից ծովի մյուս սեկտորներում: Այդ միգրացիայի արդյունք են`
1. 07.05.2012 թ. Զաքաթալայի 5,9 և 5,7 մագնիտուդով, 7 բալ ուժգնությամբ, 07.05.2012 թ. ՎՀ արևելյան տարածքներում ու մայրաքաղաք Թբիլիսիում գրանցված 5,8 մագնիտուդով, 04.09.2015 թ. Շեքիի 5,9 մագնիտուդով, 7 բալ ուժգնությամբ, 13.10.2015 թ. Օգուզի 4,5 մագնիտուդով, 16.10.2015 թ. ՎՀ Փասանաուրիի 4 մագնիտուդով անտրոպոգեն երկրաշարժերն իրենց բազմաթիվ աֆտերշոկերով, 14.06.2015 թ. Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղը և այլն։
2. 07.05.2012 թ., Զաքաթալայի մոտակայքում առաջացած երկրորդ անտրոպոգեն ակտիվ տեկտոնիկ խզվածքը: Այդ խզվածքի ընթացքի վրա են հայտնվել ՀՀ և ՎՀ արևելյան տարածքները, այդ թվում՝ ՀՀ համար կարևոր կոմունիկացիոն համակարգեր` ՌԴ-ՎՀ սահմանային Վերին Լարս անցակետը, ՀՀ մտնող գազատարը և այլն: Այստեղ դիտվում են գնալով ահագնացող բազմաթիվ անտրոպոգեն երկրաշարժեր, մեծ սողանքային, գրունտի նստման, փլուզման և այլ պրոցեսներ, մարդկային, նյութական և այլ ահռելի կորուստներ պատճառելով հատկապես ՀՀ-ին։
. Ծայրահեղ վտանգված են ՀՀ, ԼՂՀ, ՎՀ տարածքներում առկա արհեստական ջրամբարները, տարածաշրջանի ամենամեծ, բարձրլեռնային քաղցրահամ Սևանա լիճը, ՀՀ Մեծամորի ատոմակայանը, ՎՀ մայրաքաղաք Թբիլիսին և այլն:
Մեծարգո պարոնայք և տիկնայք, այս ամենի պատճառը նշված տարածքներում նավթի ու գազի երկարատև, ինտենսիվ, անկառավարելի արդյունահանման արդյունքում մագմա-երկրակեղև հավասարակշռության լոկալ, անտրոպոգեն մեծ խախտումն է, ինչը հանգեցրել է մագմայի լոկալ, զգալի արագությամբ բարձրացման, երկրակեղևի լոկալ զգալի «փքման», Կասպից ծովում ջրի մակարդակի զգալի բարձրացման և այլն: Նշված տարածքների տակ խիստ հնարավոր է նաև անտրոպոգեն սուպերհրաբխի ձևավորում:
Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ոլորտի մասնագետները վաղուց տեղեկացված են նշված տարածքների ծանր անտրոպոգեն սեյսմիկ-գեոդինամիկ իրավիճակի, սպասվող մեծ անտրոպոգեն աղետի մասին, առնվազն, իմ տեսական ուսումնասիրությունների հիմնարար արդյունքների, նշված տարածքներում ընթացող պրոցեսների բազմամյա մոնիթորինգի ու ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և ադրբեջանցի գեոֆիզիկոսների 1996-2006 թթ. ընթացքում Բաքվի տարածքում իրականացրած փորձնական ուսումնասիրությունների արդյունքներից: Նրանք սակայն ամեն ինչ կոծկում-ժխտում-աղավաղում են:
Ավելին, Ադրբեջանը հայտարարում է, որ մինչև 2020 թ. Բաքվից 10 կմ hեռավորության վրա կկառուցվի երկրի առաջին միջուկային ռեակտորը: Սա սպասվող սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետին կավելացնի, առնվազն, ռադիացիոն բաղադրիչ, ինչը թույլ տալ չի կարելի:
Մեծարգո պարոնայք և տիկնայք, նշված տարածքներում ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսները վաղուց անցել են անդառնալի փուլ և ներկայումս անտրոպոգեն մեծ աղետը հնարավոր է միայն մեղմել, ոչ ավելին:
Եթե անհապաղ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ոչ հեռու ապագայում, առնվազն, առաջին տեկտոնիկ անտրոպոգեն խզվածքով պոկված, դեպի Կասպից ծով տեղաշարժված մերձկասպյան տարածքի երկրակեղևը կամ դրա մի զգալի մասը «կպոկվի-կընկնի» Կասպից ծով՝ գեներացնելով կործանարար մեծ սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն աղետ: Հնարավոր է նաև սուպերհրաբխի ժայթքում: Արդյունքում ողջ տարածաշրջանը կվերածվի նախադեպը չունեցող անտրոպոգեն աղետի գոտու, ինչի վերականգնումը մեր քաղաքակրթության ուժերից վեր է լինելու: Կխաթարվի մեր տարածաշրջանի, Մեծ Մերձավոր Արևելքի, նաև միջազգային անվտանգությունը, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուսերին է դրված:
Ադրբեջանի ղեկավարության, ոլորտի մասնագետների նման գործելաոճը հանցագործություն է մարդկության դեմ, այն պետք է դատապարտվի աշխարհի կողմից, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային օրենքի ողջ ուժով, Ադրբեջանը պետք է հատուցի նշված տարածքներում նավթի ու գազի երկարատև, ինտենսիվ, անկառավարելի արդյունահանման արդյունքում հարևան երկրներին հասցրած ահռելի կորուստների ու վնասների դիմաց և այլն:
Մեծարգո պարոնայք և տիկնայք, քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է նախ անհապաղ անժամկետ մորատորիում հայտարարել նշված տարածքներում նավթի ու գազի արդյունահանման վրա, արգելել Ադրբեջանում ատոմակայանի կառուցումը, ձևավորել միջազգային մասնագիտական խմբեր նշված տարածքներում ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսների ուսումնասիրման, դրանց հնարավոր մեղմման, դանդաղեցման ուղիների բացահայտման, իրականացման նպատակով և այլն:
Պատրաստ եմ օգտակար լինելու այդ անտրոպոգեն մեծ աղետի հնարավոր մեղմման հարցում, ելնելով ոլորտում իմ տեսական ուսումնասիրությունների հիմնարար արդյունքներից:


Հարգանքով`
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ-ԱԿԼՈՒՆՑ
Ֆիզիկա-մաթեմատիկական
գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ